Factor.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից։
Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24․3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Մայրաքաղաքի ղեկավարի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացել է 0․95-ով ՝ դառնալով 4․57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 104 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ Ավինյանի տիրապետած Bitcoin-ների արժեքը ներկա փոխարժեքով կազմում է 475 հազար դոլար։
Բացի Bitcoin-ից Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։ Ավինյանը հայտարարագրել է 24․4 մլն դրամ կանխիկ միջոցներ։ 2024-ին նա միանվագ ծախսել է 4․3 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 13․7 մլն դրամ։
Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը և նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։ Նշենք, որ այդ առանձնատունը նա ներկայացնում է որպես իրենը։ Տիգրան Ավինյանը 2022-ին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնված»։
Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է։
Ավինյանի կինը 2 ընկերություններում մասնաբաժին ունի՝ «Բարուր» ՍՊԸ-ում 100%, նաև դրա տնօրենն է, և 34% «Լավ փրոդաքթս»-ում։ Ըստ հայտարարագրի՝ նա «Բարուր»-ին տված 19․8 մլն դրամ և «Օրոր թոյզ»-ին տված 2․8 մլն դրամ փոխառությունը 2024-ին ետ է ստացել։ Պահլավունին 2024-ին բանկում 14 մլն դրամ ավանդ է դրել, նաև ունի 3 այլ ավանդ՝ 44․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 7․8 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 0 դրամ։
Ինչպես և 2023 թ-ին, 2024-ին ևս Ավինյանի ծնողներն իրենց հարսին միլիոնավոր դրամների նվիրատվություն են արել, մասնավորապես՝ Արմեն Ավինյանից նա ստացել է նվեր 20 մլն դրամ, նաև 4․5 մլն դրամ՝ սկեսուրից՝ Հասմիկ Խլղաթյանից։ Պահլավունին նաև «Բարուր» ընկերությունից ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ, 7․8 մլն դրամ ստացել է «ԱյԴի Բանկ»-ից ավանդի տոկոսագումար։ Նա վարում է RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Ուշագրավ է, որ նախորդ տարիներին վերցրած փոխառությունները մարելու փոխարեն Պահլավունին 2024-ին կրկին 0%-ով վերցրել է 12 մլն դրամ, այսինքն՝ ընդհանուր փոխառությունների ծավալը հասել է 58․5 մլն դրամի։