Telegram-ի հիմնադիր, ռուսական ծագում ունեցող միլիարդատեր Պավել Դուրովը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ վերջերս կազմել է կտակ՝ նպատակ ունենալով պաշտպանել իր երեխաներին և իր ստեղծած ընկերությունը։
Միլիարդատերը նշել է, որ ժառանգությունը կստանան իր բոլոր երեխաները, նույնիսկ նրանք, ովքեր բեղմնավորվել են սերմնաբջիջների դոնորության արդյունքում։
«Ազատությունները պաշտպանելու պատճառով շատ թշնամիներ են հայտնվում, այդ թվում՝ հզոր պետություններում։ Ես ուզում եմ պաշտպանել իմ երեխաներին, ինչպես նաև Telegram ընկերությունը, որը ես հիմնադրել եմ։ Ես ուզում եմ, որ Telegram-ը հավերժ հավատարիմ մնա այն արժեքներին, որոնք ես պաշտպանում եմ», — ասել է նա ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։
40-ամյա Դուրովը նշել է, որ իր երեխաները կկարողանան օգտվել իր կարողությունից, միայն 30 տարի անց։
Դուրովը ցանկանում է, որ իր երեխաները «ապրեն սովորական մարդու պես», որպեսզի նրանք սովորեն վստահել միմյանց և ինքնուրույն կառուցեն իրենց կյանքը, ինչպես նաև «կարողանան արարել, այլ ոչ թե կախված լինեն բանկային հաշվից»։
Միլիարդատերն ավելացրել է, որ ունի 106 երեխա՝ վեցը պաշտոնական՝ երեք կանանցից, մնացածները բեղմնավորվել են աշխարհի 12 երկրներում՝ սերմնաբջիջների դոնորության միջոցով։ Ժառանգությունը կստանան բոլորը։ Ավելին, Դուրովը հայտարարել է, որ իր որդիներից մեկը վերջերս է ծնվել, սակայն նա բաց է թողնում փոքրիկի կյանքի առաջին ամիսները, քանի որ չի կարող առանց թույլտվության լքել Ֆրանսիան։