«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջին միջանցքը՝ Հայաստանի երկարաժամկետ շահը։
Մի շաբաթով հանգստի մեկնեցի, բայց խոստովանեմ՝ լրահոսից կտրվել չկարողացա, ու որոշեցի տեսակետներս ընդհանրացնել հոդվածի տեսքով։ Եվ ուրեմն… «Միջին միջանցքը», վստահաբար, ամբողջությամբ և 100 տոկոսով ամերիկյան նախագիծ է, որ օրակարգային դարձավ Բայդենի իշխանության օրոք, հետևաբար չի կարող լինել նախաձեռնություն, որ ստեղծվել է Ադրբեջանի, Իսրայելի կամ Թուրքիայի կողմից՝ Թրամփին համոզելու կամ շահագրգռելու արդյունքում։ Առավել ևս՝ Իսրայել-Թուրքիա հարաբերություններն իրենց բնույթով թշնամական են ու հրեական կողմն էլ, որպես կանոն, դեմ է Թուրքիայի ուժեղացմանը։ Թրամփի պաշտոնավարման տարիներին՝ հատկապես Իրանի ռմբակոծումից հետո, Միջին միջանցքի նախագիծը կտրուկ ակտիվացավ։ Իմ կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան ճանապարհներն են կամ երկաթգծերը, որքան էներգակիրները՝ հատկապես գազամուղները։ 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներ կիրառվեցին։ Այդ ժամանակից ՌԴ-ն սկսեց իր գազի ու հեղուկ վառելիքի որոշ պաշարներ վաճառել Ադրբեջանի միջոցով։ Ըստ արևմտյան աղբյուրների՝ այդ սև շուկայի ծավալը տարեկան հասել է 15 միլիարդ դոլարի, ինչը արևմտյան երկրները գիտակցել են, սակայն ժամանակավորապես «աչք են փակել»՝ այլընտրանքային մատակարարումների բացակայության պատճառով։ Բնականաբար, պատժամիջոցները շրջանցած այդ գումարները հիմնականում չեն ուղղվել ՌԴ-ի կամ Ադրբեջանի բյուջեներ, այլ ամենայն հավանականությամբ կուտակվել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի օֆշորային հաշիվներում։ Տարեկան 15 միլիարդ եկամուտը նրանց եղբայրացրել է, որ դրսևորվեց՝ Ադրբեջանին զենքի վաճառքով, Արցախյան երկրորդ պատերազմով և արցախահայության բռնի տեղահանությամբ։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ տվյալ ժամանակահատվածում` Սերժ Սարգսյանը շահեկան դիրք ունենալու տարբերակ չուներ։ Սա՝ իմիջիայլոց… Միջին միջանցքը շրջանցում է Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը՝ այս երկրներն են հիմնականում կորցնում։ Ինչ վերաբերում է շահառուներին՝ տարբեր կառույցներ տալիս են տարբեր գնահատականներ ու թվեր։ Սակայն պետք է փաստել երկու կարևոր հանգամանք.
1) Բաց ճանապարհները, նույնիսկ նվազ շահույթով, ավելի լավ են, քան փակ սահմանները։
2) Նման նախագծերը քաղաքական և երկարաժամկետ բնույթ ունեն, որոնց արդյունավետությունը կախված է կոնկրետ երկրների դերակատարումից։
Միջին միջանցքը ամերիկյան նախագիծ է, հետևաբար ամենամեծ շահառուն լինելու է ԱՄՆ-ը: Նրան հաջորդում է Մեծ Բրիտանիան։ Այս երկրները ձգտում են Միջին Ասիայի՝ հիմնականում Թուրքմենստանի Գալկանիշ հանքավայրի գազը հասցնել ԵՄ: Երկրորդ շահառուն Անկարան է։ Ճանապարհի ամենաերկար հատվածը Թուրքիայի տարածքով է անցնում և դարձնում է ԵՄ-ին գազ մատակարարող հանգույց։ Ադրբեջանը որոշակի առումով կարող է տուժել՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազն այլևս չի կարող վաճառվել ԵՄ-ին, որ արդեն կունենա սեփական, միջինասիական մատակարարում՝ առանց ռուսական մասնակցության։ Սա է նաև «Միջին միջանցք» ծրագրի հիմնական քաղաքական և տնտեսական տրամաբանությունը։ Մաքուր եկամտով երրորդ շահառուն Ադրբեջանն է, քանի որ երթուղիների բավականին երկար հատված անցնում է իր տարածքով, ներառյալ Նախիջևանը և Կասպից ծովի սահմանային ջրերը։ Հայաստանը` չորրորդն է և այս փուլում հիմնականում շահում է անվտանգային և խաղաղության ամրապնդման տեսանկյունից։ Ճանապարհից բխող տնտեսական օգուտը, համեմատած մյուս մասնակիցների հետ, փոքր է, բայց երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանը դառնում է բացառիկ դերակատար։ ՀՀ-ն միակ քրիստոնյա և ժողովրդավար պետությունն է ամբողջ միջանցքի տարածքում։ Ակնհայտ է, որ հենց հայաստանյան հատվածում են ԵՄ երկրները նախընտրելու հիմնել իրենց գրասենյակները։ ՀՀ-ում տեղակայված վերահսկիչ փականներով և անջատիչներով է ԱՄՆ-ը կարողանալու ազդեցություն գործադրել թե՛ Միջին Ասիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ ԵՄ-ի վրա։ Համոզված եմ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի հենակետն ու իրական գազային հանգույցը դառնալու է Հայաստանը։ Եվ, ուրեմն, ամենաշատ շահողը Միջին միջանցքի նախագծից երկարաժամկետ կտրվածքով լինելու է հենց ՀՀ-ն, ու՝ փառք Տիրոջը։
Հ.Գ. Փորձեցի խնայել ընթերցողին և կարճ գրել։ Ցավոք, չստացվեց։ Ներողամիտ եղեք»: