Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ՄԱԿ-ի աշխատանքային խմբին կոչ է արել անվավեր ճանաչել Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կարծիքը: Օկամպոն իր մասնագիտական կարծիքում նշել է, որ կա շահերի բախում և զեկույցն օբյեկտիվ չի կարող համարվել։
ՄԱԿ-ի` անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (WGAD) եզրակացրել է, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չի եղել։ Ավելին` անհիմն է համարել հայկական կողմի պնդումները, թե Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է իր իրավունքները պաշտպանելու համար։
«Ուկրաինացի իրավաբան Գաննա Յուդկիվսկան (WGAD-ի ներկայիս նախագահող) պետք է ինքնաբացարկ հայտներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի աշխատանքային խումբ բերված բոլոր գործերից։ Կա շահերի բախում, քանի որ նա «Equity Law Firm» իրավաբանական ընկերության ակտիվ գործընկերն է, իսկ այդ ընկերությունը տարիներ շարունակ ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղղակի ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև»,– գրել է Օկապոն։
Նրա խոսքով` ուսումնասիրված բոլոր փաստաթղթերը հստակ սահմանում են, որ մանդատակիրները պետք է գործեն անկախ, անաչառ և զերծ արտաքին ազդեցություններից, և պահանջում են, որ նրանք ինքնաբացարկ հայտնեն, երբ կարող է առաջանալ շահերի բախում։