ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը քննող դատավոր Վահագն Մելիքյանից Հակակոռուպցիոն կոմիտեն պարազաբանումներ է պահանջել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատավոր Վահագն Մելիքյանը պարզաբանումները ուղարկել է կոմիտե։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ նա տեւական ժամանակ է իրավապահների տեսադաշտում է։
Ինչպես հայտնի է, դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ դա եղավ պատճառը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել էր կասեցնել ԲԴԽ-ում քննվող կարգապահական գործի վարույթը։ Ինչ են փորձում հասկացնել դատավոր Մելիքյանին՝ կռահել կարելի է:
Բայց թե արդյոք գործը կհասնի նրան համակարգից հեռացնելուն, լիազորությունների կասեցմանը, դժվար է ասել․ փաստ է, սակայն, որ դատավորի հայտարարագրի վերաբերյալ գործընթաց կա, ու իրավապահները դեռեւս լռում են, թե ուր է հասել քննությունը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ից Երեւան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տեւող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տեւող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում եւ ինչ է փորձում ապացուցել դրանով։
Նշենք, որ Մհեր Դավիթի Սեդրակյանին մի հին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008 թվականներին, հանդիսանալով Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։




