Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր վրա հասնել՝ արդեն վրա է հասել, վարույթ չի հարուցվել։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վեճի է բռնկվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, երբ կինը հրաժարվել է ընդունել Փաշինյանի կողմից առաջարկվող քարտեզի մակետը և դիրքորոշում ներկայացրել։ Փաշինյանը սկսել է բղավել երեխայի հետ մետրոյում գտնվող կնոջ վրա, մատ թափ տալ և արցախցիներին անվանել փախածներ։





