Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից։ Այս մասին մայիսի 17-ին, Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ասել է Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։ Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ պաշտոնակատարին ազատելու որոշումը կայացվել է դպրոցում տեղի ունեցած միջադեպի օրը՝ ուշ երեկոյան։
Նրա խոսքով՝ պահանջ կա, որ նա կհարմարվի ազատված այն ժամանակ, երբ թեկնածու կգտնվի․ «Որովհետև հենց ազատվեց աշխատանքից, նոր տնօրենը միանգամից պետք է նշանակվի։ Այս լարված իրավիճակում մենք համապատասխան թեկնածու ենք գտնում։ Կան երկու թեկնածու, որոնց հետ պատրաստվում ենք քննարկում անցկացնել, նաև նախարարության գործընկերների հետ էլ ենք կապի մեջ»։ Ըստ Մելիքյանի՝ երբ վերջնական որոշում լինի, հասարակությունը այդ մասին կտեղեկացվի։ Նա շեշտել է նաև՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին ազատելու որոշումը կայացնում է մարզպետարանը, այլ ոչ թե նախարարությունը։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Նրանց պնդմամբ՝ Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին: Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից: