Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չկա ժողովուրդ, որ չուզենա ապրել, ստեղծագործել ու բարգավաճել խաղաղ պայմաններում:
Հայ ժողովուրդը և Հայաստանի ժողովուրդը առավել քան շատ այլ ժողովուրդներ, ուզում են խաղաղություն:
Առաջին հանրապետության երկուսուկես տարիներին մենք պատերազմների մեջ ենք եղել Օսմանյան կայսրության, Ադրբեջանի ու Վրաստանի հետ, այսինքն՝ չորս անմիջական հարևաններից երեքի հետ:
Երրորդ հանրապետության տարիներին մենք սառը պատերազմի մեջ ենք եղել Թուրքիայի, արյունալի պատերազմների մեջ՝ Ադրբեջանի հետ, այսինքն՝ մեր անմիջական չորս հարևաններից երկուսի հետ:
Անշուշտ, երբ ասում ենք խաղաղություն, դրա կողքին դնում ենք՝ իսկ գի՞նը:
Այսօրվա խաղաղության գինը, դեռ մի կողմ եմ դնում, կգա այն, թե չի գա, շատ-շատ թանկ է: Եթե կուզեք, սա մեր ընտրած խաղաղությունը չէ, սա մեզ պարտադրված խաղաղություն է, որը ներկայցվում է որպես մեծ ձեռքբերում:
Կարո՞ղ ենք այս պարտադրված խաղաղությունը կորցնել ու երանի տալ այս օրվան:
Անկասկած, հնարավոր է:
Ցավով եմ արձանագրում, որ եկող խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը տարվելու է խաղաղության կողմնակիցների և պատերազմի ջատագովների կեղծ օրակարգով:
Եկեք միմյանց չմոլորեցնենք՝ Հայաստանը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ կապված տվել է ամեն ինչ, և մեր հարևաններից է առաջին հերթին կախված՝ կունենա՞նք խաղաղություն և բաց սահմաններ, թե դեռ ախորժակը բացվելու է ուտելու ժամանակ:
Մեր` խաղաղության հայկական գնացքը բաց ենք թողել 1998-ին, երբ իրականացվեց հակապետական հանցավոր հեղաշրջումը, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների և գործող վարչապետի իշխանության առաջին երկու տարիներին»:




