Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։
«Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասել է Լինդա Էուլջեքչյանը։
Նա նշել է, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։
Լինդա Էուլջեքչյանը նշել է, որ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։
«Մենք չէինք կարող տոմսեր գնել ընտանիքի բոլոր անդամների համար, որպեսզի հարսանիքը Հայաստանում անեինք, և այդ պատճառով հանդիսությունը Լիբանանում կկայանա»,– ընդգծել է նա։
Նրա խոսքով` հարսանիքի ստույգ օրը դեռ հայտնի չէ, քանի որ ամուսինը պետք է Լիբանան հասնի և այդ հարցը քննարկի որդու հարսնացուի ընտանիքի հետ։
«Ի սկզբանե՝ մինչև Վիգենի ազատ արձակվելը, հարսանիքը նշանակված էր փետրվարի վերջին, սակայն երբ նա հորից հաղորդագրություն ստացավ ազատ արձակվելու մասին, քահանային խնդրեց, որ օրը փոխվի»,– պատմել է Լինդան։
Նա տեղեկացրել է, որ հանդիպել են նաև ՀՀ–ում Լիբանանի դեսպանի հետ, քանի որ մտավախություն ունեին, որ փաստաթղթերի բացակայության պատճառով Վիգենին կարող են ձերբակալել Լիբանան ժամանելուն պես։ Դեսպանը նրանց վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա` Վիգենը կարող է ազատ մուտք գործել երկիր։
«Մենք կարող ենք Լիբանան մեկնել ցանկացած ժամանակ, բայց այս պահին Վիգենը որևէ փաստաթուղթ չունի։ Նրա հայկական անձնագիրն առգրավել է ադրբեջանական կողմը, իսկ լիբանանյան անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է չորս տարի առաջ։ Հիմա ո՛չ անձնագիր ունի, ո՛չ անձը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կտրամադրվեն նրա գործի քննությունից հետո»,– ասել է կինը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




