Մեր աշխատակիցներից մեկը տնային կալանքի տակ է. Շենգավիթի ղեկավարը՝ աղմկահարույց ձերբակալությունների մասին

Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ուզում եմ ֆիքսել, որ որևէ կոնկրետ բան չենք ուզում ասել այդ անձանց վերաբերյալ, բայց շատ լավ առիթ է արձանագրելու, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ըստ լուրերի, թաղապետարանի պաշտոնյաներից երկուսը, որոնք կասկածվում էին կաշառք պահանջելու և ստանալու մեջ, տեղափոխվել են ԱԱԾ։

«Այս մակարդակում ինչքա՞ն պետք է նման գործողություններ տեղի ունենան, որ մենք խաղի կանոնները հասկանանք»,- ասաց Ավինյանը՝ դիմելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին:

Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ապա արձանագրեց, որ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածվել էին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը:

«Տպավորությունն այնպիսին էր՝ կարծես ինձ են ձերբակալել: Իրականում և՛ զավեշտալի էր, և՛ տխրեցնող…

Դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և վարչական ղեկավարի ներկայությամբ. դա ևս լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ներկայացվեց»,- ասաց նա:

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ Ռազմիկ Մկրտչյանը պարզաբանեց. «Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել և վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից 1 լումա անգամ գողանալը, մեղմ ասած, սրիկայություն է»։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։