«Մեքենայի հրկիզման պատվիրատուները դեռ ստվերում են»․ Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան հրկիզվեց։ Այս հանցագործությունը չէր կարող պատահականություն լինել. այն կրում է ուղղակի քաղաքական դրդապատճառներ և ուղիղ հարված է ոչ միայն ընտրված ավագանու անդամին, այլև՝ ժողովրդավարությանը, ազատ խոսքին ու քաղաքական պայքարի իրավունքին։
Թեպետ հաղորդվում է, որ հրկիզման գործով կա ձերբակալված անձ, սակայն ահաբեկչական ակտը՝ որպես կազմակերպված հանցագործություն, մնում է չբացահայտված։ Պատվիրատուները դեռ ստվերում են, նրանց անունները՝ քողարկված, ինչը լի է վտանգներով. անպատժելիությունն ու լռությունը վերածվում են արտոնության՝ ստացվում է անչափահաս երեխաների ննջասենյակի պատուհանի անմիջապես հարևանությամբ կարելի է ահաբեկչական ակտ իրականացնել և մնալ առանց պատժի:
Հստակ և կտրուկ պահանջում եմ.
Ամբողջությամբ բացահայտել մեքենայի հրկիզման պատվիրատուներին,
Հանրությանն ի ցույց դնել, թե ովքեր են դրանք և կիրառել օրենքի տառին համապատասխան պատժամիջոցներ՝ առանց քաղաքական կամ վարչական հովանավորչության։
Առավել ևս, որ այս հանցագործությունը չի վերաբերում մեկ անձի կամ մեկ խմբակցության անվտանգությանը, այն հարցականի տակ է դնում քաղաքական ընդդիմախոսության իրավունքն ու պայքարողի անվտանգությունը։ Եթե այսօր լռենք, վաղը հերթը կարող է հասնել ցանկացած այլ քաղաքացու, ով համարձակվել է քննադատել իշխանությանը»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։