Այսօր վաղ առավոտյան մեքենայի և Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքի բախման հետևանքով մահացած տղամարդը ոստիկան էր, ապրում էր Արարատի մարզի Դվին գյուղում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հասատատեց Դվինի վարչական ղեկավար Անուշավան Ավետիսյանը։
Մահացած Կարապետ Փոլադյանը 43 տարեկան էր, երկու անչափահաս երեխա ունի։
«Ոստիկանությունում էր աշխատում, բայց նաև հողագործությամբ էր զբաղվում գյուղում։ Այսօր առավոտյան Մեյմանդարի շուկա էր գնացել, շուկայից վերադառնալու ճանապարհին է տեղի ունեցել դեպքը։ Շատ լավ, հարգված ընտանիք են, խելոք, աշխատող տղա է»,–պատմեց գյուղի վարչական ղեկավար Անուշավան Ավետիսյանը։
Նշենք, որ Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերն իրար և հարակից մյուս գյուղերին կապող կամուրջը շուրջ մեկ ամիս առաջ փլուզվել է. բնակիչները ստիպված են այլընտրանքային ճանապարհից օգտվել։ NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ վթարը տեղի է ունեցել գյուղեր տանող այլընտարնքային ճանապարհին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիս բնակավայրի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




