Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրառմամբ տեղեկացրել է, որ վարչական դատարանը կասեցրել է Երևանում կարմիր գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։
Ավագանու անդամը նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. -ի 265-Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. -ի դրույքաչափերը։
«Այլ կերպ ասած` դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։
Քանի որ 2025 թ -ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում անվճար և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան»։
Հիշեցնենք, որ «Կարմիր գծերում» կայանման վճարները 13 անգամ թանկացել էր՝ Ա գոտում կայանելը տարեկան 12,000 դրամից դարձավ 160,000 դրամ, իսկ Բ գոտում՝ 12,000 դրամից՝ 24,000։