Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը տարածաշրջանում ապագա քաղաքական կոնֆիգուրացիայի համար վիթխարի նշանակությունից բացի, ունի նաև շատ կարևոր հոգեբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Փաստորեն շարքային վրացիներն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ իրենց համար ազգային առաջնահերթություններն ու իսկապես անկախ երկիր կառուցելու ձգտումը վեր են տարբեր արտաքին աշխարհաքաղաքական խաղացողների կողմից ամեն տեսակ սին խոստումներից։
Առավել ևս, «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությամբ, նույն տխրահռչակ Արևմուտքը համառորեն համոզում էր Վրաստանին պատերազմի մեջ մտնել ռուսների հետ և վտանգի տակ դնել Վրաստանի գոյությունը՝ հանուն «արևմտյան բարեկամների» աշխարհաքաղաքական ծրագրերի։ Բայց հիմա ուզում եմ, որ մենք ինքներս մեզ հարցնենք՝ վրացիներն ունեն իրենց ազգային, պետականամետ երազանքը, որը իրական, անկախ և ուժեղ Վրաստանի կերտումն է։ Իսկ ո՞րն է մեր՝ «հայկական երազանքը»:
Ի՞նչ ենք մենք ուզում Որ ամեն գնով հասնենք խաղաղությա՞ն` բարբարոսների և հայասպանների հետ: Բայց ներողություն` խաղաղության օրակարգը չի կարող «ազգային երազանք» լինել, իրական խաղաղությունը ընդամենը արժանապատիվ հայամետ քաղաքականության արդյունք է, բայց ոչ մի դեպքում երազանք չի կարող լինել։ Այնուամենայնիվ, ինչի՞ մասին ենք մենք երազում: Անհոգ հեծանիվ վարել` այն ժամանակ, երբ հարյուր հազար արցախցիներ վտարվեցին իրենց հայրենիքից:
Արդյոք մեր ազգային երազա՞նք է հանդիսանում կուշտ ուտելը, խմելը, զվարճանալը և հարկեր վճարելը, երբ մեր թշնամին պատրաստվում է պատերազմի: Կարո՞ղ է մեր «ազգային երազանքը» թուրքերի և ադրբեջանցիների ամենօրյա նվաստացումներին և ծաղրին դիմանալն է: Իսկ գուցե մենք երազում ենք հայկական ինքնությանը դավաճանելու գնով թուրք-ադրբեջանական տանդեմից շինծու խաղաղությո՞ւն կորզել: Իսկ կարո՞ղ է մենք երազում էինք հանգիստ դիտել, թե ինչպես է թշնամին օկուպացրել մեր երկիրը: Երազո՞ւմ ենք մենք արդյոք թշնամուն կտոր-կտոր հանձնել մեր հայրենիքը` «կարևորը, որ պատերազմ չլինի» աբսուրդային կարգախոսի ներքո: Ոչ։ Ոչ։ Եւս մեկ անգամ` ոչ:
Եւ ուրեմն, ո՞րն է մեր բոլորիս ազգային երազանքը: Օրինակ, թավշիստները մեզ համոզում են, որ մեր ազգային երազանքների սահմանը սկսում և վերջանում է մարդասպանների և տականքների հետ վերացական «խաղաղության» ամեն գնով հասնելու տրամաբանության ներքո։ Ասեմ ավելին, մեզ ներշնչում են, որ մեր «երջանկությունը» բաղկացած է բացառապես սննդից և զվարճանալուց, սակայն ակնհայտ է, որ այս թավշյա հայեցակարգը ավելի շատ մահացու ախտորոշում է, քան ազգային երազանք… Ի՞նչ անել: Կարծում եմ, անհրաժեշտ է ուղղակի կանգնել հայելու դիմաց և ուշադիր նայել մեր այսօրվա պատկերին։ Վրացիները մեզ ցույց տվեցին, թե ինչպիսին պետք է լինի պայքարը երկրի համար և ինչպես պայքարել իրական ազգային երազանքի համար։ Եվ ինձ շատ հետաքրքիր է, իսկ մենք վրացական դասեր կքաղե՞նք, թե՞ նորից ինքներս մեզ կշարունակենք ստել։
Արման Աբովյան