Ես համոզված եմ, որ եթե այստեղ հարցում անենք, ձեզնից շատերը բնակարան են ձեռք բերել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը Փաշինյանին հիշեցրեց, որ ժամանակին ինքը հայտարարում էր, որ կոռուպցիայի հետ ոչ մի կոմպրոմիս չունեն․ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն օր կոռուպցիոն թեմաներ են շրջանառվում և ինչպե՞ս է ստացվում, որ ներկա իշխանության ներկայացուցիչներն էլ հենց պաշտոն են ստանում, թանկարժեք բնակարաններ են ձեռք բերում, այն էլ՝ իրենց ծնողների անուններով։ Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Ավինյանի թոշակառու հայրը 400 հազար դոլարով է տուն ձեռք բերում, մայրը՝ 200 հազար դոլարով, Գնել Սանոսյանի մայրը՝ 230 հազար դոլարով։
«53 հազար ընտանիք հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականի ապրիլը ՀՀ-ում նորակառույց տուն է ձեռք բերել։ Հայաստանի լրագրողները, ոչ լրագրողները՝ բոլորը բնակարան են գնում, բա ո՞նց են գնում, ինչի՞ արդյունքում են գնում, որովհետև ՀՀ-ում բարեկեցության մակարդակն աճում է»,-նշեց Փաշինյանը։
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, Փաշինյանը վստահեցրեց՝ բացառված է, որ դրանք պատշաճ քննություն չստանան.«Ասում եք՝ ԱԺ ամբիոնից կոնկրետ փաստեր են բերում, էդ բերողները թող հլը մի հատ իրենց դեմ հարուցված քրեական գործերի տակից դուրս գան։ Ովքե՞ր են կոնկրետ փաստեր բերում՝ ում վրա կոռուպցիայի, սպանության, խարդախության մեղադրանքներ կան։
Բացառված է որևէ կոռուպցիայի դեպք պատշաճ չքննվի»։