ԱՄՆ պետքարտուղարությունն ու պետքարտուղար Բլինքենը շարունակում են խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։
Այս մասին, պատասխանելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցին, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ գործընթացի հետ կապված նորություն չկա:
Լրագրողը շեշտել է, որ արդեն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում և շուրջ մեկ տարի է, ինչ Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում են նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչները։ Նա նաև հղում է արել Freedom House-ին՝ նշելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ղարաբաղի տարածքն ամենաանազատն է աշխարհում և այդ առումով գերազանցում է անգամ Հյուսիսային Կորեային, Վենեսուելային, Սիրիային ու Աֆղանստանին: Լրագրողըը հարց է ուղղել, թե Վաշինգտոնը հետևո՞ւմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարո՞ղ է ԱՄՆ վարչակազմն է օգնել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը։
«Պետքարտուղարությունը և պետքարտուղարը շարունակում են խորապես ներգրավված լինել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և հարգի նրանց իրավունքները», — պատասխանել է Պատելը։