Մենք որևէ բան զիջե՞լ ենք, ես 7 տարի վարչապետ եմ և ասում եմ, որ ՀՀ-ն շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. Փաշինյան

Կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ ենք զիջել, որովհետև ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։Նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք:

Պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել։ Գյումրիում առաջին անգամ ես համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ և պատասխաններ ստացել եմ, և այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո՛, մենք շա՜տ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ի՞նչ ենք ձեռք բերել կամ ի՞նչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի ՀՀ վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ ՀՀ-ն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը։

Ասեք ի՞նչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող-տող գնալ։ Իսկ այն, որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք և առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից:

Ես ինքս ինձ հարց եմ տվել` լավ, ինչի՞ համար զոհվեցին այդ տղաները, և ինքս ինձ համար գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին՝ անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս. «Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար, և այն բանակցային առաջարկները, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, իրականում դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը ևս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել, այն թոկը, որի մասին ես խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի և քփությունը, այսինքն՝ թոկը վզից կապված և այդ գոտին ավելի նեղացնելու և պարանի երկարությունն ավելի կարճացնելու մասին են եղել»«- հայտարարեց նա: