ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցությունը ներկայիս պայմաններում խաչ կքաշի Ուկրաինայում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունների վրա եւ անխուսափելի կդարձնի դաշինքի անմիջական ներգրավվածությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ ընթացիկ հանգամանքներում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ընդունումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ:
«Մենք մշտապես զգուշացնում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վտանգի մասին», — ընդգծել է Պոլիշչուկը՝ ի պատասխան Սիյարտոյի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը «խաչ կքաշի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունների վրա, անխուսափելի կդարձնի դաշինքի անմիջական ներգրավումը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում եւ կհանգեցնի անվերահսկելի էսկալացիայի, որի պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Կիեւի ռեժիմի արեւմտյան կուրատորների վրա»:
«Ցանկանում ենք հուսալ, որ դաշինքի ղեկավարությունում կան ողջախոհ քաղաքական գործիչներ, որոնք իրենց հաշիվ են տալիս, թե ինչ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ ՆԱՏՕ -ին Ուկրաինայի հրավերը», — եզրափակել Է դիվանագետը: