ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունը ստանձնել էր մինչև հաջորդ ընտրությունները փողոցային պայքար ծավալելու պարտավորություն, ինչի արդյունքում իշխանությունը զգալիորեն մաշեցվել է։
«Մենք փողոցային պայքարով՝ և՛ նախաձեռնելով, և՛ այլ պայքարների մեջ ակտիվ մասնակցելով, մաշեցրել ենք այս իշխանությանը։ Եթե նայենք սոցհարցումներին, մոտ մեկուկես-երկու տարի առաջ մոտ 60 տոկոսը չկողմնորոշված էր։ Դրանց մի զգալի մասը նրանք են, ովքեր հիասթափվել են ՔՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում համար քվեարկեն։ Հիմա այդ տոկոսը բավական փոքր է՝ մոտ 25-30 տոկոս»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ այդ գործընթացում ընդդիմությունը նաև «դաշտ է մաքրել» այլ քաղաքական ուժերի համար՝ որոշ չափով նույնիսկ սեփական մաշեցման գնով։
Նրա գնահատմամբ՝ ներկայիս քաղաքական իրավիճակում հնարավոր է, որ խորհրդարան անցնող քաղաքական ուժերի թիվը մեծանա և ձևավորվեն ավելի խոշոր քաղաքական միավորներ։
«Դժվար թե մեկ կուսակցություն կարողանա հավաքել 50 տոկոսից ավելի։ Ավելի հավանական է, որ ձևավորվի կոալիցիա, որը կներկայացնի հասարակության ավելի լայն շերտերի հայացքները»,- նշել է Քոչարյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժը պետք է դիրքավորվի որպես փորձառու թիմ, որը կարողացել է հաղթահարել ճգնաժամային իրավիճակներ և ի վիճակի է կրկին դա անել։





