Մենք կհետաքննենք և մեր եզրակացությունների մասին կհաղորդենք Հայաստանի իշխանություններին․ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը Հայաստանում ընդդիմադիրների կալանավորումների մասին

«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ կառավարության և Հայ եկեղեցու միջև առկա լարվածությանն ավելի լայն շրջանակներում։ Մենք մշտապես կոչ ենք արել բարելավել քաղաքական երկխոսությունը Հայաստանում քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև, դրսևորել զսպվածություն և փոխադարձ հարգանք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը (Շվեդիա, ԵԺԿ)։ Նա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով զեկույց է պատրաստում։

Հետաքրքրվեցինք՝ առաջիկայում Հայաստան այց նախատեսվո՞ւմ է, Բորիանա Աբերգը պատասխանեց․ «Այս տարի հոկտեմբերի վերջին է պլանավորված իմ այցը Հայաստան։ Այնուհետև կհրապարակվի զեկույցը»։ Մեր փաստմանը՝ ՀՀ-ում տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ հետապնդումներ, կալանավորումներ։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը և արդյոք այս փաստերին Ձեր պատրաստած զեկույցում անդրադառնալո՞ւ եք, Բորիանա Աբերգը պատասխանեց․ «Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրները հանձնառություն են ստանձնել հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Մենք կհետաքննենք Կոնվենցիայի խախտումների՝ ենթադրյալ դեպքերը և մեր եզրակացությունների մասին կհաղորդենք իշխանություններին՝ որպես իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի շուրջ շարունակական երկխոսության մաս»։
Նաև փաստեցինք՝ հայ բարերար, գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է իշխանություններին քննադատելու համար և հայ եկեղեցուն պաշտպանելու համար։ Նա կալանավորվել է մասնավորապես այս խոսքերի համար. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Բորիանա Աբերգին հարցրինք՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Հայաստանում անձը կալանավորվում է իր խոսքի համար, և արդյոք այս դեպքին անդրադառնալո՞ւ է իր զեկույցում, նա պատասխանեց․ «Պարոն Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար կապված այն հայտարարության հետ, որը Դուք մեջբերեցիք և մասնավորապես հետևյալ հատվածը․ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Անկախ դատական համակարգը պետք է գնահատի՝ արդոք այս հայտարարություններն ուղղակի կարծի՞ք են, թե՝ օրենքով պատժելի։ Ազատ և արդար ընտրություններն են լեգիտիմության աղբյուր։
ՀՀ-ում հաջորդ ընտրությունները տեղի կունենան մեկ տարի անց, և մենք հույս ունենք, որ քաղաքական քարոզարշավը կանցկացվի առանց սադրիչ հռետորաբանության և թույլ կտա ընտրողներին իմաստալից ընտրություն կատարել իրենց համար առավել մտահոգիչ հարցերի շուրջ։ Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կգնա ժողովրդավարության ճանապարհով, և քաղաքական գործիչները հաջողության կհասնեն»։ Փաստմանը՝ Բաքվում տեղի են ունենում հայ ռազմագերիների՝ այսպես կոչված դատավարությունները, որոնց արգելված է որևէ միջազգային կազմակերպության ներկայություն և հարցին՝ ի՞նչ գործիքակազմ ունի ԵԽ-ն Ադրբեջանին պարտադրելու, որ կատարի իր պարտավորությունները, Բորիանա Աբերգը պատասխանեց․ «ԵԽ բոլոր մարմինները տեղյակ են Բաքվի հայ ռազմագերիների վիճակի մասին։ Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների, անօրինական կալանման և կեղծ դատավարության մասին։ Մենք հույս ունենք, որ նրանց իրավիճակը արագ կբարելավվի՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհանուր համաձայնագրի մաս»։ Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ստրասբուրգ

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։