Իշխանությունն ընկճախտի մեջ է ընկել ու այդ հոգեվիճակով փորձում մեկնաբանել Նարեկ Կարապետյանին, ով արձագանքելով Փաշինյանի կողմից թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին հապճեպ ընդունված որոշմանը` գրել էր, որ դա Փաշինյանի և իշխանության «Մեր ձևով» շարժումից ունեցած վախի հետևանք է․ «Ութը տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները»:
Իսկ ինչ է, միթե Փաշինյանը դա արեց թոշակառուների նկատմամբ դրսևորած մարդասիրությունից, չէ որ բոլորն են հիշում և հիշեցնում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Փաշինյանը հիմնավորում էր թոշակների բարձրացման անմիաստ և անօգուտ լինելը՝ ասելով, որ միևնույն է, այդ գումարը օգտագործվելու է վատ ջերմամեկուսացում ունեցող բնակարանները ջեռուցելու համար:
Իշխանության արագ արձագանքը` Նարեկ Կարապետյանի գրառմանը, կրկին ցույց է տալիս, որ իսկապես վախենում են «Մեր ձևոևվ» շարժումից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից, և անձամբ Սամվել Կարապետյանից: Չվախենային՝ նման չարացած արձագանք չէր լինի:
Ընդհանրապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության և քարոզչության հիմնական մեխը լինելու է ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի պայքարը, մարդիկ ուզեն, թե չուզեն՝ համեմատելու են Նիկոլ Փաշինյանին և Սամվել Կարապետյանին, չնայած համեմատելու բան էլ առանձնապես չկա: Փաշինյանը և նրա իշխանության մեջ պարարտ հող ստացած և վիտամիններով սնված տարբեր իշխանավորները օգնելու են, որ այդ համեմատությունն ավելի ակնհայտ լինի:
Սրանց հիմնական քարոզչական թեզը դարձել է այն, թե տեսեք- տեսեք Սամվել Կարապետյանը Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ունի: Կարապետյանը չի էլ թաքցրել, որ այդ երկրների քաղաքացիություն ունի, այդ երկրների քաղաքացիություն ունենալը գործարարին օգնել է ավելի արդյունավետ զբաղվել գործարարությամբ: Իսկ Հայաստանի իշխանության մեջ` խորհրդարանում կամ կառավարությունում, քանի՞ մարդ կա, որ Սահմանադրության և օրենքի խախտմամբ օտար երկրի քաղաքացիություն ունի, իսկ ո՞վ դա գիտի: Եթե մարդը թաքցնում է իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստը, դա անհնար է բացահայտել: Մի նախկին նախագահ կար, ասում էին՝ Ադրբեջանի և Թուրքիայի օրինական շահերի պաշտպանն էր Հայաստանում` Արմեն Սարգսյան անուն ազգանունով, ով Հայաստանի խորհրդարանի ամբիոնից երդվում էր, թե բացի Հայաստանի քաղաքացիությունից, այլ երկրի քաղաքացիություն չունի, բրիտանական քաղաքացիությունից շատ վաղուց է հրաժարվել, բայց երբ իր առաջադրանքը կատարելուց հետո հրաժարական տվեց նախագահի պաշտոնին, շատ հանգիստ տեղափոխվեց և շարունակում է բնակվել Մեծ Բրիտանիայում այնպես, ինչպես բնակվում էր մինչև հանձարարություն և Հայաստանի Հանրապետությունում նախագահ աշխատելու առաջադրանք ստանալը:
Այսինքն, մարդը կարող է Հայաստանի քաղաքացիություն ունենա, բայց ծառայի Ադրբեջանի և Թուրքիայի շահերին, մարդը կարող է Հայաստանի քաղաքացիություն ունենա, բայց իրականում լինի այլ երկրի հպատակ, այդ քաղաքացիությունը ծառայեցնելով ընդդեմ Հայաստանի շահերի, և ընդհակառակը, մարդ՝ կարող է այլ երկրի քաղաքացիություն ունենա և իր ամբողջ կյանքն ու գործունեությունը ծառայեցնի Հայաստանի և իր հայրենիքի շահերին:
Սամվել Կարապետյանը ոչ թե խոսքով, այլ գործով` Հայաստանում և Արցախում իրագործած բազմամիլիոն բարեգործական ծրագրերով, հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներով, և ստեղծած տասնյակ հազարավոր աշխատատեղերով է ապացուցել, որ ինքը ծառայել և շարունակում է ծառայել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը:
Նույնիսկ նրանք, ովքեր ասում են, որ այս իշխանություններին պետք է հեռացնել, բայց արդյո՞ք այդ հեռացնողը կարող է լինել այլ երկրի քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանը, անգամ նրանք են այս իշխանության թաքուն և բացահայտ գործիքները, որովհետև գործող իշխանությունն այսօր վախենում է Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից․ այդ ուղղությամբ նետված յուրաքանչյուր քար, վերցված է իշխանության բոստանից:
ArmLife.am





