Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Իրանի համար ամենակարևորը իր ազգային շահերի պահպանումն ու ապահովումն է՝ որպես տարածաշրջանային կարգը ապակայունացնելու բացահայտ և քողարկված փորձերը կանխելու միակ միջոց։ Այս մասին ասվում է իրանական Mehr լրատվական գործակալության «Իրանի մոտեցումը «Զանգեզուրի միջանցքին». ո՞ր լուծումն է լավագույնը» վերնագրով հոդվածում։
«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից և Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրություններ են առաջացել, թե ինչպես կապել Ադրբեջանի Հանրապետության տարածքը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում են ստեղծել Զանգեզուրի միջանցքը, որն առաջին անգամ կմիացնի, այսպես կոչված, թյուրքական աշխարհի երկու մասերը՝ փորձելով «Միջին միջանցքի» և Չինաստանի և Եվրամիության միջև կապի հիմք դնել: Նման պլանի իրականացումը գործնականում հակասում է Ռուսաստանի և Իրանի ազգային շահերին, քանի որ դա կհանգեցնի նրան, որ այս երկու խոշոր երկրները կհեռանան ապագա հիմնական տարանցիկ ուղիներից։ Մինչդեռ նման միջանցքի ստեղծումն ընդմիշտ կկտրի Իրանի մուտքը Եվրոպա»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
Ինչպես նշում է Mehr-ը, չնայած աշխարհաքաղաքական այս ռիսկին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած վերջին այցից և նրա ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, թվում է, թե Ռուսաստանը սխալ հաշվարկում է արել այս անխուսափելի ռիսկը կառավարելու հարցում և «թուրքական աշխարհի» միավորման շուրջ պայմանավորվելու ծրագրերում։
«Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Մոսկվայի անկարողությունը, ռուսաստանցի խաղաղապահների վատ աշխատանքը Լաչինի միջանցքում և դրա հետևանքով այս տարածաշրջանի բնակիչների վրա առաջացած ճնշումը, ստիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգության և ռազմական ամբողջականության ոլորտում վերանայել իր կառավարության նախկին քաղաքականությունը և Երևանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հօգուտ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հնդկաստանի»,- նշում է իրանական գործակալությունը։
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «Արծիվ գործընկեր 2023» համատեղ զորավարժությունները, պաշտպանական ոլորտում համագործակցությունը Երևանի և Փարիզի միջև և Մոսկվայի հետ Երևանի ռազմական հարաբերությունների 86%-անոց անկումը ցույց են տալիս, որ հայերը չեն վստահում իրենց դաշնակցին, ինչպես նախկինում, շեշտում է իրանական լրատվամիջոցը։
«Բացի այդ, հայերը, կարծես թե, բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չեն դարսում և ընդլայնում են իրենց դաշնակիցների շրջանակը՝ պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ի պատասխան Փաշինյանի արևմտամետ քաղաքականության, տեղական ռուսաստանյան լրատվամիջոցները փորձում են իրենց հայրենակիցներին փոխանցել, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի հետքերով և, հետևաբար, անխուսափելիորեն կարժանանա ուկրաինացիների ճակատագրին։ Որոշ դիտորդներ պնդում են, որ հաշվի առնելով արևմտյան երկրների հետ Երևանի կապերի ընդլայնման արագ տեմպերը, ռուսները մտադիր են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ համաձայնելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ փորձելով հիմք դնել Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ թուրքերի և Էրդողանի ապագա ծրագրերը զսպելու համար»,- գրում է Mehr-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, Պուտինի Բաքու այցից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում պահանջել է վերացնել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան կապի արգելափակումը։ Հատկանշական է, որ Լավրովը մեղադրանքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին և ասել, որ Հայաստանի ղեկավարները խոչընդոտում են 2020 թվականի խաղաղության համաձայնագրի 9-րդ կետի իրագործմանը։ Օրերս ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես կրկնել է, որ իր երկիրը պնդում է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը։ Նման հայտարարությունները ստիպել են Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիական դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլին կանչել Ռուսաստանի դեսպանին՝ մեկ անգամ ևս հիշեցնելու նրան Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի սահմանների աշխարհագրական ցանկացած փոփոխության անընդունելիության մասին։ Միաժամանակ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նույնպես իր վճռական բողոքն է հայտնել Կրեմլին։ Ավելին, անհրաժեշտ է Ռուսաստանին հասկացնել, որ ՆԱՏՕ-ի հին դաշնակցին չի կարելի վստահել արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, և որ թուրքերը շուտով երես են թեքելու Մոսկվայից։
«Եթե այսպես է, ապա Ռուսաստանը կատարված փաստի առաջ կկանգնի և հարկադրված կլինի թանկարժեք ռազմական միջոցներ օգտագործել՝ այս ծրագրի իրականացումն արգելափակելու համար։
Նկատի ունենալով, որ Իրանը և Ռուսաստանը փորձում են ռազմավարական համաձայնագիր կնքել, ռուս պաշտոնյաների նման հայտարարությունները, անկասկած, հակասում են երկու երկրների շահերին և կարող են վտանգել նման համաձայնագրի ստորագրման և իրականացման հեռանկարը: Վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի կառավարությունն ու զինվորականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ուկրաինական ճակատում՝ Կիևին պատժելու միջոցով ձգտելով կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը:
Այս ողջ ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես միջազգային ասպարեզում «ռեվիզիոնիստական» սուբյեկտ, ընդդիմանալով իր հյուսիսային սահմաններում Արևմուտքի ներկայությանը, բազմիցս դեմ է արտահայտվել «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» ձևավորմանը և ազդանշան է հղել ադրբեջանական կողմին՝ բազմաթիվ զորավարժություններ անցկացնելով, շեշտելով, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանի փոփոխության դեպքում Թեհրանն իր բոլոր ուժերով պաշտպանելու է իր ազգային շահերը։ Այժմ, նման պայմաններում, երբ տարածաշրջանում Թեհրանի և Թել Ավիվի ռեժիմների միջև լարվածությունը մեծացել է, թվում է, թե տարածաշրջանային և անդրտարածաշրջանային սուբյեկտները մտադիր են օգտվել իրավիճակից և փոխել միջազգային սահմաններն այս տարածաշրջանում։
Հնարավոր է, անհրաժեշտ լինի հիշեցնել Հարավային Կովկասի դերակատարներին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է գործել մի քանի տարբեր ճակատներում և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Երկու տարի առաջ, երբ Թեհրանում հանդիպեցին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, Իսլամական հեղափոխության առաջնորդը մատնանշեց Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա լարվածությունը և միանշանակ իր անհամաձայնությունն արտահայտեց միջազգայնորեն ճանաչված պատմական սահմանների ցանկացած փոփոխությանը։ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին կտրուկ զգուշացրեց, որ Մոսկվան և Անկարան պետք է իմանան, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած միջանցք պետք է համապատասխանի Թեհրանի երեք կարմիր գծերին. նախ՝ Սյունիքի մարզում Զանգեզուրի միջանցքը պետք է վերահսկվի Հայաստանի զինված ուժերի կողմից, և միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չպետք է լինի։ Երկրորդ՝ Թեհրանի շահերը պետք է հաշվի առնվեն ցանկացած միջանցքում, և վերջապես երրորդ կարմիր գիծն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին կամ ՆԱՏՕ-ին միջանցք կառուցելու պատրվակով մոտենալ իր հյուսիսային սահմաններին»,–ընդգծում է իրանական գործակալությունը։
Ի՞նչ քաղաքականություն է վարում Թեհրանը
Անցած մի քանի տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների զբաղեցրած դիրքորոշումը ցույց է տալիս, որ նրանք պահպանել են միասնականությունն ու կոնսենսուսը իրենց քաղաքականության մեջ և չեն շեղվել իրենց նախկին դիրքորոշումներից: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ տարբեր բանակցությունների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանային կապը կենսական նշանակություն ունի՝ որպես երկրի աշխարհաքաղաքական առավելություններից մեկը և որպես ճանապարհ դեպի Վրաստան, Սև ծով և Եվրոպա։ Այս ռազմավարական դիրքորոշումն այնքան կարևոր է Իրանի համար, որ այլ երկրների ներսում կամ դրսում ցանկացած փոփոխություն չի ազդում Իրանի մոտեցման վրա, գրում է Mehr-ը։
Այլ կերպ ասած, Իրանը, անկախ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի միջև քաղաքական մրցակցության բնույթից և անկախ Երևանի ներքաղաքական դիրքորոշումից, հավատարիմ է աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու մոտեցմանը և թույլ չի տալիս փոխել գոյություն ունեցող կարգը, շեշտում է լրատվամիջոցը։
«Անկախ Զանգեզուրի միջանցքի շուրջ առկա տարաձայնություններից՝ Իրանը ձգտում է հարաբերություններ պահպանել այս գործի կարևոր մասնակիցներից յուրաքանչյուրի, այն է՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ։ Իրանի ռազմավարությունն է պահպանել իր ազգային և պատմական շահերը՝ հակազդելով տարածաշրջանային կարգը խաթարելու բացահայտ և քողարկված փորձերին:
Ամեն դեպքում, դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել Իրանի՝ ազգային շահերը պահպանելու ցանկության վրա։ Իրանի «կարմիր գծերի» ցանկացած խախտում կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Ըստ այդմ, Ռուսաստանին խորհուրդ է տրվում տարածաշրջանում Զանգեզուրի միջանցքի և Բաքու-Անկարա պլանի ձևավորմանը հապճեպ համաձայնության գալու փոխարեն «3+3» ձևաչափով (Իրան, Թուրքիա և Ռուսաստան՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ) կանոնավոր հանդիպումներ պահանջել և կանխել խաղաղ և բարեկամական սահմանները լարվածության սահմանային գոտիների և անվտանգության ճգնաժամի վերածումը։ Ընդհանրապես, Հարավային Կովկասում միջանցքների ստեղծումը կարող է իրականություն դառնալ, երբ հաշվի առնվեն բոլոր մասնակիցների շահերն ու անվտանգության նկատառումները, և արևմտյան տերությունները չփորձեն տարբեր պատրվակներով խաթարել հարևան երկրների հարաբերությունները»,- ընդգծվում է հոդվածում։