Search
Close this search box.

«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

«Տիրոջ ողորմած կամքով, միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Նոր մյուռոնով վերաօծված մայր տաճարը վերստին իր դռներն է բացում մեր հատավատոր զավակների, ուխտավորների և այցելու հյուրերի առջև»,- հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Այս նվիրական սրբավայրում է մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման, որըև իրականություն է դարձել մեր ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ ու աննկուն պայքարով»,- նշեց վեհափառը։ «Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելիության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության ու Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության։ Սուրբ Էջմիածինը Աստծո մշտնջենական ներկայությունն է մեր կյանքում»,- նշեց Գարեգին Երկրորդը։ Նրա խոսքով՝ Հայոց եկեղեցին բազմիցս ենթարկվել է հարձակումների ու հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։ «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության ու գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմները անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց եկեղեցին»,- ասաց վեհափառը։