Ինչպես հայտնել ենք 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնվել է հրատապ գործով ՀԷՑ-ի վերաբերյալ որոշում։
«Հետք»-ը, ձեռքի տակ ունենալով այդ որոշումը, մանրամասներ է հայտնել, թե, հրատապ միջոցներ կիրառելով, Արբիտրը ինչ է պահանջել է Հայաստանի Հանրապետությունից։
Պահանջվել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավել:
Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝ Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
Որեւէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:
Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:
Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։
Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաև որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։