Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։
«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- լրատվամիջոցի հետ հետ զրույցում նշել է Քոլոյանը։
Ստորև՝ ամբողջական զրույցը․
— Պարոն Քոլոյան, այսօր այդ հատվածով էի անցնում և նկատեցի, որ Արցախի դրոշը չկա։ Ե՞րբ և ինչո՞ւ է հանվել։
— Այո՛, երեկ է հանվել։
— Ինչո՞ւ։
— Շատ պարզ պատճառով, որովհետև սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե Արցախի։
— Այսի՞նքն։ Արցախի դրոշը որևէ կերպ խանգարո՞ւմ էր Հայաստանի Հանրային ռադիոյին Հայաստանի Հանրային ռադիո լինելուն։
— Ես նշանակվել եմ այստեղ՝ որպես Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն, ես Արցախի Հանրային ռադիոյի տնօրենը չեմ։ Դժբախտաբար, շատ ողբերգական ավարտ է այդ ամեն ինչն ունեցել, և ես շատ եմ ցավում բոլորի նման, բայց ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Ես նստել, թերթել եմ իմ աշխատանքային պայմանագիրը, և այնտեղ ոչ մի տող չեմ կարդացել, որ ես պատասխանատու եմ նաև Արցախի Հանրային ռադիոյի համար։
— Պարոն Քոլոյան, հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախեցիք․․․
— Ես այլ հարցերի չեմ պատասխանում։
— Դե բարեկամական մոտեցում ունեք հայասպանների նկատմամբ։
— Ես բարեկամական մոտեցում չունեմ։
— Դե, ամեն դեպքում ժամացույցի տեղադրումը դա էր ցույց տալիս, որ Դուք իրենց հետ որևէ խնդիր չունեք։
— Ես բոլորի հետ ունեմ խնդիր, բայց դա որևէ կապ չունի ժամացույցերի հետ։ Ժամացույցն ընդամենը մեխանիզմ է, դրոշը՝ այլ պետության սիմվոլ։
— Այսինքն՝ միայն Արցախի դրոշն ամեն ինչի հետ կապ ունի։
— Դուք ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, դուք Արցախում եղե՞լ եք ընդհանրապես։
— Իհարկե եղել եմ, դա ի՞նչ կապ ունի։
— Ես Ձեզ հավատացնում եմ՝ ես որպես լրագրող ձեզնից շատ ավելի շատ եմ եղել։
— Դուք ավելի տարիքով եք, ու նորմալ է, որ ավելի շատ եք եղել, Ձեր աշխատանքն եք կատարել։
— Ես Ձեզ պատասխանեցի, ես պատասխանատվություն եմ կրում Հայաստանի Հանրային ռադիոյի համար։
— Հասկանում եմ, բայց Արցախի դրոշը Ձեզ խանգարո՞ւմ էր Ձեր պատասխանատվության հարցում։
— Դուք ո՞ր լրատվամիջոցից էիք։
— MediaHub.am:
— MediaHub-ի տանիքին կա՞ Արցախի դրոշ։
— Մենք բարձրահարկի առաջին հարկում ենք և ներսում ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դրոշ։
— Դուք եկեք, ես Ձեզ մի դրոշ էլ կնվիրեմ, այն մեկը չէ, որ հանել ենք։
— Սիրով կվերցնեմ, բայց ինձ ասեք, թե ինչ է արվելու դրոշը, որը հանվել է։
— Մենք պետական հիմնարկ ենք, և պետական հիմնարկի տանիքին և մոտը պետք է լինի այդ պետության պետական դրոշը։ Եթե մենք ապրեինք Տանզանիայում, ես կասեի, որ Տանզանիայի դրոշը դրվեր։
— Ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ պետք է հանել Արցախի դրոշը։
— Քանի որ Հանրային ռադիոն ինձ է վստահվել։
— Կես տարի է՝ ինչ Ձեզ է վստահվել։
— Այո՛, օգոստոսից։ Ես կես տարի մտածել եմ։ Կներեք, որ դանդաղ եմ մտածել։
— Ու կես տարի անց հասկացաք, որ Ձեզ խանգարում է Արցախի դրոշը։
— Կես տարի անց հասկացա, որ ինձ առաջին հերթին պետք է Հայաստանի դրոշը։
— Իսկ Հայաստանի դրոշին ինչո՞վ էր խանգարում Արցախի դրոշը։
— Ոչ մի բանով չէր խանգարում, սա իմ որոշումն է՝ որպես գործադիր տնօրեն։
— Այսինքն՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ Դուք հակակրանք ունեք Արցախի, դրոշի հանդեպ։
— Դա Ձեր եզրակացությունն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։
— Իսկ որպես գործադիր տնօրեն՝ Դուք այս հարցը քննարկե՞լ եք ռադիոյի աշխատակիցների հետ։
— Ես եմ որոշել։ Ինձ նշանակել են, ես եմ որոշել։
— Այսինքն՝ Ձեզ որևէ կերպ չեն ճնշել, իրոք Ձեր կամքո՞վ եք հեռացրել դրոշը։
— Իրոք իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է։ Ի՞նչ եք ուզում լսել։
— Կուզեի լսել, որ գոնե ստիպված եք հանել։ Ինչևէ, հանված դրոշն ի՞նչ է արվելու։
— Արցախի դրոշը հարգանքով բերվելու է իմ սենյակ, մենք այստեղ բացելու ենք թանգարան, այդ թանգարանի բաժիններից մեկը կլինի Արցախում աշխատած հայ լրագրողներին նվիրված։
— Շնորհակալ եմ։
— Հաջողություն։