Ինձ համար մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է, որ բարձրանում է եռագույնը եւ հնչում է հիմնը: Շնորհակալ եմ հայ եւ եզդի ազգերին: Երջանիկ եմ, որ կարողացա ուրախացնել նրանց իմ հաղթանակով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սլովակիայից ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Բրատիսլավայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը հռչակվեց քառակի չեմպիոն:
Եզրափակիչում Ամոյանը 3:1 հաշվով հաղթեց աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեին: Մինչեւ եզրափակիչ Ամոյանը 3 հաղթանակ էր տարել՝ լեհ Մատեուշ Բենրատեկի (9:0), մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի (7:2) եւ Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի (5:1) նկատմամբ:
Մալխաս, Եվրոպայի քառակի չեմպիոն ես, ի՞նչ հույզեր ունես: Բարդ տրվե՞ց 4-րդ տիտղոսը:
Գնալով ավելի դժվար է դառնում հաղթելը: Լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի է մեծանում: Այս տեսանկյունից բարդ տրվեց չեմպիոնությունը: Ուրախ եմ, որ այս անգամ էլ կարողացա հաղթել եւ հռչակվել Եվրոպայի քառակի չեմպիոն: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ Աստծուն, իմ մարզիչներին, իմ հետ մարզվող ընկերներին, իմ կողքի մարդկանց, որոնք ինձ օգնել եւ աջակցել են:
Ոսկե մեդալի ճանապարհին 4 գոտեմարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:
Կառանձնացնեմ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ գոտեմարտերը, որոնք բարդ տրվեցին: Կիսաեզրափակիչում Հայկ Մնացականյանի հետ էի: Նա իմ մոտ ընկերն է, մենք իրար լավ գիտենք, միասին շատ ենք մարզվել: Մրցակիցներ ենք միայն գորգում: Քանի որ նա իմ մոտ ընկերն է, այդ պատճառով նրա հետ մրցելը բարդ էր: Գոտեմարտը ծանր ստացվեց ինձ համար:
Եզրափակիչի մրցակցիս՝ Ռամազ Զոյիձեին, ճանաչում էի: Նա տեխնիկապես ուժեղ ըմբիշ է, վտանգավոր, այդ պատճառով մի քիչ զգույշ էի գոտեմարտում, որպեսզի կոպիտ սխալ թույլ չտամ: Ցանկացած սխալ կարող էր ճակատագրական լինել գոտեմարտի ելքի համար: Կարեւորն ինձ համար հաղթանակն էր:
Պարգեւատրման արարողության ժամանակ ի՞նչ հույզեր ապրեցիր: Զգացողություններդ ինչո՞վ էին տարբեր նախորդներից:
Ինչպես Եվրոպայի առաջնությունում նախորդ 3 պարգեւատրումներս, Սլվոկայիայում էլ զգացողություններս, հույզերս անբացատրելի են, որովհետեւ պատվո հարթակի առաջին աստիճանին եմ եւ հնչում է Հայաստանի հիմնը: Ինձ համար մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է, որ բարձրանում է եռագույնը եւ հնչում է հիմնը: Շնորհակալ եմ հայ եւ եզդի ազգերին: Երջանիկ եմ, որ կարողացա ուրախացնել նրանց իմ հաղթանակով:
Խոստումներ չեմ սիրում տալ, բայց կփորձեմ այս տարվա աշխարհի առաջնությունից էլ ոսկե մեդալով վերադառնալ:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալն ի՞նչ է փոխել մրցագորգում քեզ համար:
Օլիմպիական մեդալը մի փոքր վստահությունն է ավելացրել, նաեւ փորձ է տվել: Ավելի ճիշտ եմ մոտենում յուրաքանչյուր գոտեմարտին: Մեծացել է պատասխանատվության զգացողությունը, որը մի տեղ օգնում է, մի տեղ էլ նաեւ խանգարում, երբ չափից շատ է: