Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը:
Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, ժամը` 18:00-20:00 «Սան Լազարո» սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին նույն վայրից:
Վլադիմիր (Օհան) Պետրոսյանը ծնվել է 1941 թվականին։ 1979-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ։
Նրա հործերից են՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» (1975թ., բրոնզ, ՀԱՊ), «Դոն Քիշոտ» (1971թ., հրակավ, ԺԱԹ), «Վերադարձ» (1983թ., փայտ, ԺԱԹ), Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը (1982թ., փայտ, Երևան), «Լ.Մոտալովա» (1976թ., թուջ), «Հրանտ Մաթևոսյան» (1985թ., հրակավ), «Արշիլ Գորկի» (1987թ., բրոնզ), «Սոսե Մայրիկ» (1987թ., մարմար), «Մարշալ Բաղրամյանի կիսանդրի» (1997թ., մարմար, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարան), Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ-հուշակոթողը (1998թ., բրոնզ, գրանիտ, Վիեննա), Մաքսիմ Գորկու հուշարձանը (1973թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), «Ուսուցիչ» արձանախումբը (1974թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), Հայրենական պատերազմի հուշահամալիր (1989թ., համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ), Միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը (1978թ., Ալժիր, արծաթե մեդալ), «Տարաս Շևչենկո» (2013թ., Երևան): 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: