Հայաստանի Հանրապետության սահմանի յուրաքանչյուր հատված պետք է սահմանազատվի, այն պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա գործընթացներն իրականացնելու համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի հարցին։
«Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, կարծում եմ՝ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների, սահմանների սահմանազատման սկզբունքները, և դրանք պետք է կյանքի կոչվեն»,- ասաց վարչապետը։
Պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց էր ուղղել կառավարության ղեկավարին, թե ինչ երաշխիքով է Հայաստանը համաձայնում կանոնակարգի 5-րդ կետով արձանագրված «հատվածային սահմանազատմանը»։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մինչ այստեղ կանոնակարգ են ընդունում, հարևան երկրում Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին են խոսում։
«Հատվածային սահմանազատումն արվում է մինչև վերջնական համաձայնեցումը։ Օրինակ, եթե հաջորդ հատվածն արվում է Տիգրանաշենում, հայ զինվորն ինչ-որ կետ հետ է քաշվում, հետո հերթը հասնում է, օրինակ, Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում է գտնվում Ադրբեջանը, ուղղակի դա չեն անում, բայց մենք արդեն փաստացի, ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույն ձև հետ ենք քաշված լինում այստեղ։ Հասկացանք՝ մինչև վերջ չի հասնում, չի ստորագրվում, բայց արդեն տվե՞լ եք, չէ, տալունը»,- ասաց Քոչարյանը։