«Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում ընտրել, չեմ տեսել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։
«Իշխանությունը չի էլ հասկանում՝ բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք խոսակցություն ունենում, դուրսն էլ են լսում և ամենախայտառակ բնորոշումներն են տալիս այս խորհրդարանին և այս իշխանություններին։ Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք ամեն ինչ պետք է անեն՝ սանձելու նման դեպքերը, բայց հիմա երևի ստացել են հրահանգ, քանի որ ընտրություններն են մոտենում։ Երևի մրցանակ է սահմանվել նրա համար, ով ավելի հուժկու հայհոյանք կարտաբերի»,- ասաց Ռուստամյանը։
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի պահվածքին՝ նա ասաց․ «Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել։ Ես անգամ զարմացել եմ, որ ինքը կարողացել է այդքան համբերել։ Այն, ինչ իր դեմ, ի հասցեին ասել են, ամեն մարդ չի կարող տանել։ Իսկ կարելի՞ է ամբողջ ԱԺ-ով հայհոյել մարդու տոհմը, և դա անի փոխխոսնակը, ո՞վ է տեսել նման բան․․․Ես էլ կարող եմ այնքան բան ասել՝ հղում անելով մարդկանց»,- ասաց Ռուստամյանը։
Հարցին՝ Լևոն Քոչարյանը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Երբ բոլորն իրենց հայհոյանքների համար պատասխան կտան, այդ ժամանակ՝ նոր։ Ես չեմ արդարացնում հայհոյանքը, բայց էլի եմ ասում՝ «քամի ցանողը, փոթորիկ է հնձում»։