Միայն այն հանգամանքը, որ ընդամենը 16000 բնակարան տրամադրվել, նշանակում է, որ ծրագիրը որպես այդպիսին, լավ չի աշխատում։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Իմ բոլոր շփումները գալիս են այն եզրակացության, որ տրվող գումարների չափը բավարար չէ: Այն մարդիկ, որ պետք է ընտրեն, որտեղ բնակարան ձեռք բերեն, հիմնականում կապում են դա այն հանգամանքի հետ, թե ինչ զբաղվածություն պետք ա ունենան։ Այսինքն նախ և առաջ զբաղվածություն, ինքնազբաղվածություն ապահովելու հանգամանքով պայմանավորված են ընտրում համայնքը։ Ես կարծում եմ, որ այն գումարը, որ տրամադրվում է Երևանի և երևանամերձ համայնքների մասով, պետք է բարձրացվի, այսինքն առնվազն 4 միլիոն լինի, եթե չասեմ նույնիսկ ավելին», — ասել է Գրիգորյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը չի համաձայնել նրա հետ։ Ըստ նրա՝ տվյալ ծրագիրը գործում է ընդամենը մեկ տարի։ Ընդ որում, դրա իրականացման ժամկետը մինչև 2029 թվականն է։ «Մենք կարծում ենք, որ ծրագիրը կհասցնի ամբողջությամբ կատարել իր խնդիրը նշված ժամկետում։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման ծավալի փոփոխությանը, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ Կառավարությունը խուսափում է ձևականությունից և միջոցների ոչ նպատակային ծախսումից։ Մեր նպատակն է բնակարանով ապահովել մեր բոլոր հայրենակիցներին»,- ընդգծել է փոխնախարարը։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ 2024 թվականին 65 միլիարդ դրամ է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ծախսերը հոգալու համար։ «2025 թվականին այդ ծախսերը կգերազանցեն 40 միլիարդ դրամը», — հավելել է կառավարության ներկայացուցիչը։




