102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը: «Ազնավուր» հիմնադրամը հայտնում է, որ նա «խաղաղությամբ է լքել այս աշխարհը՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ»:
«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը եւ հորաքրոջը, այլեւ անչափ արժեւորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»,- ասվում է Ազնավուր ընտանիքի հայտարարությունում:
Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։