Ես ադտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Կրթվելը նորաձև է» միջոցառումն իրականացվում է բյուջեի հաշվին։
Հարցին՝ դա ինչքանո՞վ է բխում մեր պետական շահերից, նա պատասխանեց. «Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում, ես չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել։ Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ որևէ կոռուպցիոն դրսևորում ձեր նկարագրածում չեմ տեսնում»։
Անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետարանում պարբերաբար կոռուպցիոն դեպքեր են բացահայտվում, եւ թելերը տանում են դեպի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Արթուր Նահապետյանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննության առարկա դեպքերը ոչ թե պայմանավորված են կոնկրետ սուբյեկտներով, կամ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններով, այլ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալներով։ Եթե ունենում ենք որևէ տվյալ, որևէ տեղ կատարված հանցանքի վերաբերյալ, ապա անպայման այդ հանցանքով կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։
Եթե որևէ վարույթով ունենանք տվյալներ, որ այդ հանցագործությանն առնչվել է նաև այլ պաշտոնատար անձ, այդ թվում քաղաքապետը, ապա անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննվի, որևէ խնդիր չեմ տեսնում»։