Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերները պարզվել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ.-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:
Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ.-ն է:
Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:
Տեղում տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտելով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: