Այսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոտսիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։