Դեկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարել Երևանի Միկոյան փողոցի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ ամուսինը, ում հետ ցանկանում է ամուսնալուծվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում իր տան ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ-ն, Միկոյան փողոցում իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել իր կնոջ բնակարանի դռան ուղղությամբ և հեռացել: Վերջինս նույն օրը ներկայացել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել և իր հետ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը աշխատում է Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկում՝ որպես դասախոս։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։