ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գիգորյանը այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց նրանում, որ չեն կարողանում բացահայտել ԱՆԻՖ-ի անհետացած 25 միլիարդ դրամը, սակայն հասարակ քաղաքացիներին ցանկանում են հայտարարգրման դաշտ մտցնել:
«Հիմա ձեր քթի տակ կառավարության կառուցվածքում գտնվող հիմնադրամում 25 միլիարդ դրամ կորում է, օդ է ցնդում, դուք այդտեղ խնդիր չեք տեսնում, սակայն վերջին քաղաքացուն էլ ասում եք, գնա հայտարարագրի, տեսնեմ՝ դու կոռուպցիոներ ես, թե կոռուպցիոներ չես: Պետական կառավարման համակարգը հենց նրա համար է, որ կոռուպցիան կարողանա կանխարգելել, դատախազներ, քննիչներ, այդ բարձր աշխատավարձը ստանում են նաեւ այդ պատճառով: Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, ինքը իր հարցերը չի կարողանում լուծի, իր առջեւ դրված խնդիրը չի կարողանում կատարի, այն հասարակ քաղաքացին պետք է գնա կոռուպցիայի բացահայտմամբ զբաղվի՞: Կոռուպցիան այնտեղ է, որտեղ կան իշխանական լծակներ, նորից եմ ասում հեռու մի փնտրեք, ձեր շուրջը փնտրեք»,-ասաց պատգամավորը, նաեւ անդդրադարձավ հայտարարագրմանը՝ նշելով, որ այն շատ բարդ գործընթաց է:
Փաշինյանը արձագանքելով, ասաց, որ տեղյակ է ԱՆԻՖ-ի թեմայից եւ հենց կառավարությունն է դիմել դատախազություն հանգամանքները պարզելու համար:
Անդրադառնալով հայտարարագրմանւ Փաշինյանը նշեց, որ առաջինը հայտարարագիր լրացնելու են հենց պաշտոնյաների հարազատները:
«Էս համընդհանուր հայտարարագրման համակարգով մեր շրջապատում չի լինելու մի մարդ, որին մի անգամ բարեւել եմ, չհայտարարագրվի, հետեւաբար մենք ձեր հորդորին ականջալուր լինելով հետամուտ ենք լինում, որ մեր շրջապատի մարդիկ հայտարարագիր րացնենք»,-ասաց Փաշինյանը: