Search
Close this search box.

Կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 hայ պшտшնդներ մաhանան հավաքական անտարբերության մեջ. Դավիթ Վարդանյան

Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտում է միջազգային հանրության խուլ լռությունը և կոչ անում ազատ արձակել իր հորը և 22 մյուս պատանդներին, որոնք բանտարկված են միայն մեկ՝ հայ լինելու պատճառով: Այս նախաբանով է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը հրապարկել Բաքվում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում անցկացվում է ամենակարևոր և խորհրդանշական միջազգային համաժողովներից մեկը՝ COP29-ը: Փաստորեն, սշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկ հարկի տակ են հավաքվել մի վայրում, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում և խոշտանգումների են ենթարկվում հայ պատանդները: Նրանց շարքերում է հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այն պահին, երբ հեռանում էր Լեռնային Ղարաբաղից 120.000 այլ հայերի հետ միասին, որոնք ստիպված էին բռնել գաղթի ճամփան իրենց նախնիների հողից: Հայրս այժմ գտնվում է կալանքի տակ 22 այլ պատանդների հետ միասին՝ միայն այն պատճառով, որ հայ է:

Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում խոսել արդարության, մարդու իրավունքների, համաշխարհային համագործակցության և բնապահպանության մասին՝ գտնվելով խոշտանգումների ենթարկվող հայերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս ճակատագրական պահին, երբ Ադրբեջանը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, ես կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ։

Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշներին օգնելու գործին: Նա իր ընկերների և գործընկերների հետ միասին նախաձեռնել և իրականացրել է ավելի քան 700 մարդասիրական ծրագիր, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Նա միշտ օգնել է ուրիշներին այնպիսի ծրագրերի շրջանակներում, որոնք ամենուր փորձում են դարձնել աշխարհն ավելի արդար և խաղաղ: Այսօր հենց նա ունի օգնության կարիք։ Ահա թե ինչու եմ ես իմ ձայնը բարձրացնում նրա փոխարեն, քանի որ նա զրկված է այդ հնարավորությունից: Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը շրջել, զբաղվել «այլ առաջնահերթություններով» և թույլ տալ, որ Ադրբեջանը օգտվի այս անպատժելիությունից՝ գործելու և, ինչն ավելի վատ է՝ իր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար COP29-ն օգտագործելու նպատակով: