Երևանի քաղաքապետարանը ազդարարել է երթևեկությունը համակարգելու և բարելավելու նպատակով «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» ստեղծելու մասին։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը համոզված է՝ այս կենտրոնը դառնալու է հերթական ԱՆԻՖ-ը:
Հիշեցնենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ը, առավել հայտնի է կասկածելի և միլիարդների փոշիացված ներդրումներով: ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր: Մամուլը գրել էր, որ անցած տարի լուծարված ԱՆԻՖ-ը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել նաև նրա կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին: ԱՆԻՖ-ի կասկածելի գործունեության համար դեռ 2023 թվականից է քրեական վարույթ նախաձեռնվել:
«Իրենց կնոջ բարեկամներին բերելու են աշխատանքի տեղավորեն: Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենի աշխատավարձը՝ 1 միլիոն 800.000 դրամ, փոխտնօրենինը՝ 1 միլիոն 700.000 դրամ, անձնակազմի հավաքագրման մասնագետ՝ 550.000 դրամ, տնօրենին օգնական՝ 400.000 դրամ, վերլուծության կառավարման բաժին՝ նախագծի ղեկավար՝ 1 միլիոն 600.000 դրամ, տվյալների գիտնական՝ 1 միլիոն 500.00 դրամ և այսպես շարունակ: Կոնկրետ՝ փողեր է, որ կուտեն»,- Aysor.am-ին ասաց Մանուկյանը:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամի խոսքով՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի» ստեղծման նախագծով նախատեսվում է ժամանակակից թվային լուծումներ, ներդրումներ ու սպասարկում, բայց քաղաքապետարանի ենթակայության տակ կա քաղաքի կառավարման տեխնոլոգիաների ընկերություն, որը հենց այդ գործառույթն ունի.
«Քաղաքապետարանն արդեն ուներ նման ՊՈԱԿ, որը շատ ուղիղ այդ թվային լուծումները պետք է առաջարկեր: Աստղաբաշխական մեծ աշխատավարձեր են այնտեղ ստանում, միայն տնօրենը՝ 2 միլիոն դրամ: Այդ նույն համակարգն է, որ պետք է հսկի տոմսերի գումարների հավաքագրումը, որը չի կարողանում:
Մյուս կետը՝ քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովում. «Թել-Սելը», որին տվել են այդ մենաշնորհը, պարտավոր էր տրասնպորտի երթևեկության համակարգը՝ fleet management-ը ներդնել: Այսինքն՝ դրա համար առանձին ուրիշին են ուզում բերել, որ անի:
Հաջորդը՝ լուսացույցային կառավարման համակարգեր. ներողություն, բա էն ոստիկանության գվարդիան, որ ունեն, ստեղծված է միայն ցուցարարներին ծեծելու ու գործ հարուցելու համա՞ր։ Բա ճանապարհային ոստիկանության գործառույթը ո՞րն է: Կրկնվող գործառույթներ են, որտեղ որ թերացել են, հիմա էլ ասում են՝ բերենք, նոր կառույց ձևավորենք»:




