ԿԿՀ-ն վարույթ է հարուցել Փաշինյանի վերաբերյալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ հենց ինքն էր հանձնաժողով դիմել՝ պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները։

Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․

«Համբալ» արտահայտությունը, «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

«Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում»,- գրում է Թովմասյանը։

Պատգամավորն ընդգծում է, որ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Թովմասյանը շեշտում է՝ ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։

Նա հույս է հայտնել, որ սա նաև իրավական նախադեպ է դառնալու, և հարուցված վարույթն էլ ձևական չի լինի։

Պատգամավորը նաև պահանջում է հանձնաժողովից վարչապետի վարքագծի վերաբերյալ բաց ու թափանցիկ քննություն և պատշաճ մասնագիտական գնահատական:

Թովմասյանը շեշտում է՝ վարչապետը չի կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի և կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ հարցից։

«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի նստեցնեմ, դուք օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ–ի պադվալը»,- ասել է վարչապետը:

Իրավիճակը լարվեց, լեզվակռիվ սկսվեց, որի ընթացքում Փաշինյանը նաև ընդդիմադիր պատգամավորներից ուղղված՝ օգտագործեց «համբալ» բառը, ապա բղավեց՝ «վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք», և այսպես շարունակ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։