Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցում Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով բարևողին նոր պաշտոն են տվել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 27-ին հաշվի առնելով Վոլոդյա Բաբինյանի դիմումը՝ նրան ազատել է Կիրանցի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից և լուծարել նրա հետ 2020թ․ հուլիսի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ Մարզպետը հունիսի 30-ին Վ․ Բաբինյանին նշանակել է Կիրանցի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Մարզպետը հունիսի 30-ի մեկ այլ որոշմամբ Կիրանցի հիմնական դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Փաշինյանին նշանակել է Կիրանցի հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող՝ մինչև այդ պաշտոնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը)։ Ի՞նչ է ստացվում, հուլիսի 6-ին պետք է լրանար Վ․ Բաբինյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, Վ․ Բաբինյանի 62 տարին լրանում է այս ամիս՝ հուլիսին։ Վ․ Բաբինյանը 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Կիրանցի նորակառույց դպրոցում մեծ ուրախությամբ, երկու ձեռքով էր բարևել սահմանազատման անվան տակ Կիրանցի 15 հեկտար հողերը Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանին: Կիրանցի բնակիչների խոսքերով՝ Վ․ Բաբինյանը Ադրբեջանին հանձնված իր հողամասի դիմաց պետական բյուջեից դրամական փոխհատուցում է ստացել։ Մարզպետ Հ․ Ղալումյանը Վոլոդյա Բաբինյանին նոր պաշտոն է տվել, նրան նշանակել 2024-2025թ ուսումնական տարում ընդամենը 34 աշակերտ, Երևանի մեծ դպրոցի մի դասարանի չափ աշակերտ ունեցող դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Կիրանցի բնակիչների խոսքով՝ Կիրանցի դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Սուսաննա Փաշինյանը նախկինում ֆիզիկա է պարապել, գործող իշխանության երկրպագու է»։