Դպրոցների, մանկապարտեզների կառուցում-վերակառուցում թեմայով քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց նիստը վարող ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև: Լիլիթ Գալստյանն ասաց, որ հաշվետու հնգամյակում ընդամենը 40 դպրոցի ավարտուն պատկերի մասին կարող ենք խոսել, մինչդեռ 300-500-ի խոստում էր տրվել տարիներ առաջ. «Հիմա փորձում եք բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին ներշնչել, որ 460 դպրոց մեկ տարում կիրականացնե՞ք, լավ էլի»,- դիմելով Ֆինանսների նախարարին՝ ասաց Գալստյանը: Արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը. «Շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջոդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ: Վերհիշեք, թե այսքան ժամանակ, երբ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ի՞նչ է արել դաշնակցությունն այդ ոլորտի հետ»: Գալստյանը նկատեց. «Կեղծ տվյալներ մի՛ հրապարակեք, 110 դպրոց կառուցվել է դաշնակցության օրոք»: Վիճաբանություն սկսվեց. «Անջատեք խոսափողը, կեղծը ձեր տված թյուրիմացությունն է»,- ասաց Վարդանյանը: