Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել երկրի անվտանգային համակարգը: Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը: Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները:
Այս մասին հայտարարություն է տարածել «Կայունություն» կուսակցությունը։
«Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ: Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական» ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով խմբակային շահերով, մոլորեցնում են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը հանրահռչակվել են որպես օրվա իշխանության «բացառիկ» ձեռքբերումներ: Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ «նոր» երևույթ էր, որն իրենց շնորհիվ «սկսեց ծագել Արևելքից»:
Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը: Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից: Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:
Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:
Օրվա իշխանությունները դա անել չեն կարող: Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:
Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ սխալներից ու գայթակղություններից:
Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ: Ուստի «Կայունություն»-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը, ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, հայտնում է իր աջակցությունը և սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը իր ընտրապայքարում:
Հորդորում ենք «Կայունություն» կուսակցության անդամներին ու համակիրներին՝ կատարելով քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի օգտին»-նշված է հայտարարության մեջ։





