Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները (IARA) խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։
«Այս փաստը եզակի դեպք չէ։ Այն մաս է կազմում վերջին ժամանակներում ավելի լայն մի գործընթացի, որը հատկանշվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և դեպի ավտորիտարիզմ տանող քայլերով, ինչը վնասում է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլև հասարակությանը, ընդդիմադիր կուսակցություններին և Հայաստան-Սփյուռք պատմական հարաբերություններին։
Արդեն մի քանի տարի է՝ տագնապով նկատում ենք.
- Համակարգված հարձակումներ քաղաքական ընդդիմության դեմ, այդ թվում՝ դատական գործեր և կալանավորումներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։
- Հալածանք քննադատողների նկատմամբ, ինչը սահմանփակում է բազմակարծությունը և ազատ խոսքի իրավունքը։
- Հայկական Սփյուռքը վարկաբեկելու բազմակի փորձեր՝ կեղծ հայտարարություններով, թե իբր Սփյուռքի պահանջատիրությունը խոչընդոտ է խաղաղության համար։ Այս կերպ փորձ է արվում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։
- Եվ որպես առավել ծանր հանգամանք՝ քաղաքական իշխանության աճող միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ կամայական քայլերով և հոգևոր առաջնորդին պիտակավորելով։
Այս վարքագիծը ոչ միայն խախտում է օրենքի գերակայությունը, խղճի և խոսքի ազատությունը, այլև վտանգի տակ է դնում հայ ժողովրդի միասնությունը թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում։
Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և ոչ էլ իշխանությանը ենթակա կառույց։ Այն մեր հազարամյա ինքնության հոգևոր հենասյունն է և մեր հավատքի պահապանը։ Եկեղեցու և Պետության բաժանումը պետք է երաշխավորի անկախություն և փոխադարձ հարգանք. այն երբեք չպետք է դառնա ճնշման կամ ենթարկեցման գործիք։
Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է։ Նրա մասնակցությունը եկեղեցական ժողովին խոչընդոտելը ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է և պետության կողմից Ազգային Եկեղեցու կյանքին միջամտելու հստակ փորձ։
Ելնելով այս ամենից՝ Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները վճռականորեն մերժում են.
- Քաղաքական ընդդիմությանը լռեցնելուն ուղղված ցանկացած գործողություն՝ լինի դա ինստիտուցիոնալ, թե դատական ճնշման միջոցով։
- Հայաստանը Սփյուռքից բաժանելու փորձերը՝ այնպիսի ելույթներով, որոնք փորձում են արժեզրկել աշխարհասփյուռ հայ համայնքների պատմական նվիրումը։
- Կրոնական, հասարակական կամ քաղաքական գործիչների հալածանքը կամ ահաբեկումը՝ իրենց օրինական գործունեության համար։
- Պետական լծակների օգտագործումը՝ ներքին թշնամանք հրահրելու համար, ինչը թուլացնում է ազգային միասնությունը։
Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հրատապ կոչ ենք ուղղում Հայաստանի իշխանություններին.
- Լիարժեք հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և ներքին կառավարումը։
- Երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների և կուսակցությունների իրավունքները՝ առանց խտրականության և հալածանքի։
- Պահպանել դատական համակարգի անկախությունը և քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմք։
- Վերականգնել հարգանքը և համագործակցությունը Հայկական Սփյուռքի հետ՝ ընդունելով նրա պատմական դերը և անգնահատելի ավանդը ազգի համար։
Վերահաստատում ենք, որ Հայաստանի հզորությունը չի կարող կառուցվել ներքին առճակատմամբ, ազատությունների սահմանափակմամբ կամ այլախոհների պիտակավորմամբ։ Ազգային միասնությունը չեն պարտադրում, այն կառուցվում է հարգանքի, անկեղծ երկխոսության և ժողովրդավարական համակեցության հիման վրա։
Դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելաոճով։ Եկեղեցին և Պետությունը տարբեր մարմիններ են և այդպես էլ պետք է շարունակեն գործել՝ փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մթնոլորտում»,- ասվում է հայտարարությունում։




