Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Մամուլում Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է: Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ»,- նշեց Տեր Եսային։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Դատախազությունը հոկտեմբերի 27-ին ընթացք է տվել Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդմանը, որը ներկայացրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ ՀՀ քննչական կոմիտեում էլ հաղորդման առնչությամբ վարույթ է նախաձեռնվել՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։




