Search
Close this search box.

Կառավարությունը լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» -ը, որը ստեղծվել էր 2018-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կազմակերպության նպատակներն են սահմանվել տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման կարգավորումը և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը, զինված ուժերի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պլանների հիման վրա գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը, հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև թույլատրվել է իրականացնել տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն:

2023-ին հաստատվել են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը, որոնց շրջանակներում նախարարության կառուցվածքում ներառվել են կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները և կառավարչական, գործառույթների չկրկնման ու միջոցների օպտիմալացման տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը:

Նշենք, որ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմակերպությունը դեբիտորական և կրեդիտորական պարտքեր չունի, 28.06.2024թ. դրությամբ ըստ կազմակերպության կողմից ներկայացված հայտերի ֆինանսավորումը կազմել է 36,669.00 հազ. դրամ: