ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները դուրս են բերվել, և այնտեղ ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահները։ Տեղեկությունը ստացվում է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցից։
Զեկույցի «Ազգային անվտանգության ծառայություն» գլխում նշվում է, որ 2025 թվականի ընթացքում շարունակվել են ԱԱԾ-ի տեխնիկական վերազինման, կադրերի համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման աշխատանքները՝ ուղղված պետական սահմանի պահպանության արդյունավետության բարձրացմանը։
Ըստ փաստաթղթի՝ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստան–Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայությունը իրականացնում են բացառապես ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ 2026 թվականի սկզբից նույն կարգավորումը տարածվել է նաև «Ախուրիկ» անցակետի վրա, որտեղ այժմ ծառայություն են իրականացնում միայն հայկական սահմանապահները։ Զեկույցում ընդգծվում է, որ ներկայումս չկա որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ԱԱԾ սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղեկություններ էին տարածվել «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահների դուրսբերման մասին, սակայն իշխանությունները դրանք չէին հաստատել։ Ավելի վաղ ռուս սահմանապահները դուրս էին բերվել նաև հայ-իրանական սահմանից և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, իսկ որոշ հատվածներում սահմանային ծառայությունն իրականացվում է համատեղ ձևաչափով։





