Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգել է Հայաստանի Հանրապետությունից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը, նախագիծն ընդունվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։
Որոշման նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից և ներառվել է կառավարության նիստի օրակարգում։
Նախագծով առաջարկվում է արգելք սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրով դասվող օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանման նկատմամբ՝ մինչև 2026 թվականի հուլիս։
Հիմնավորման մեջ նշվում է, որ քայլը ուղղված է տրանսպորտային միջոցների ապօրինի ապակատալիզացման կանխմանը, շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, վնասակար արտանետումների նվազեցմանն առանց չեզոքացման համակարգի, ապօրինի շրջանառության և գողությունների տեմպերի կրճատմանը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արգելքի գործողության արդյունքում զգալիորեն նվազել են կատալիզատորների գողության դեպքերը․ 2021 թ․- 92 դեպք, 2022 թ․ — 40 դեպք, 2023–2025 թթ․-ընդամենը 3 դեպք։




