Search
Close this search box.

Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից. Հայկ Մարության

«Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված»,-այս մասին լրագրողների հետ զրույցում, տրանսպորտային նոր համակարգի և առաջարկվող գների դեմ իրականացվող ակցիայի ժամանակ, ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այսօր հավաքվել ենք հենց այն նպատակով, որ քաղաքացիներից լսենք, թե իրենք ինչպես են պատկերացնում պայքարը, բնականաբար խոսքը գնալու է բոյկոտի մասին, բայց ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան: Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու, բոյկոտի ձևերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է լինել գործադուլ մարդկանց կողմից և ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այսինքն աշխատել, խուսափել տրանսպորտից օգտվելուց, մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ: 2013 թվականին էլի նույն մեթոդներն էին կիրառվում: Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու, քան այն «Տարոն ջան սիրուն չի» տարբերակին գան»,- ասաց նա:

Մարությանը նշեց, որ իրենց պահանջն է տրանսպորտի գինը թողնել 100 դրամ․ «Նախ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն նախագիծ ենք ներկայացրել, ըստ որի պահպանում են բոլոր այն փաթեթները, որը քաղաքապետարանն առաջարկում է և դրան ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորությունը 100 դրամ, այսինքն բառացի այն, ինչ որ տեղի է ունենում հունվարին, այսինքն կարող ես բոլոր փաթեթներից օգտվել և կա մեկ ուղևորությունը 100 դրամ: Բայց, ինչպես տեսնում ենք, բնակչության մեծամասնությունն օգտվում է մեկ ուղևրությունը 100 դրամ տարբերակից։ Եթե ձեռք է տալիս, մարդիկ կգնեն չէ՞ այդ փաթեթները»։

Վերջինս անդրադարձավ նաև իր ու Տիգրան Ավինյանի բանավեճին․ «Թե՛ բանավեճի ժամանակ, թե՛ բանավեճից հետո ուղղակի պարզ դարձավ մեր իշխանության իրական երեսը: Իրենք ցույց տվեցին, թե ինչպես են իրենք օգտվում այն գումարներից, որը ժողովուրդը տալիս է իրենց: Չէ՞ որ իրենք ասում են գումար չկա, պետք է, որպեսզի տրանսպորտը կարողանանք ապահովենք, բայց մենք տեսնում ենք, որ իրենք այդ գումարն օգտագործում են իրենց քմահաճույքների համար»։