Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Արման Թաթոյանի հայտարարությունը, թե Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նոր մարտական դիրք են տեղադրել ՀՀ տարածքում, չի համապատասխանում իրականությանը։
«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանը հարց հնչեցրեց՝ «կարո՞ղ է պատերազմ կա՝ ես տեղյակ չեմ»։
«Կամ ինչ-որ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք։ Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը»,- նշեց նա։
Փաշինյանը պնդեց՝ Հայաստանում խաղաղություն է։
Նա ասաց, թե ինքը անհետ կորածների հարազատնեերի հետ տասնյակ անգամներով հանդիպել է ու փորձը ցույց է տվել՝ պետք է հասկանալ, թե այդ հանդիպման արդյունքում ինչ խնդիրներ են ուզում լուծել։
«Երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում, ես եմ դուրս գալիս փողոցներ, որ մարդկանց հանդիպեմ, ուղղակի հանդիպման նպատակը, արդյունավետությունն ու օրակարգը պետք է հստակ լինի»,- հավելեց Փաշինյանը։





