ՔՊ կուսակցությունը երեկ վարչության նիստում այդպես էլ Արդարադատության նոր նախարար չընտրեց։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո ՔՊ-ն նրան փոխարինողների չորս թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան,Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան և Հերիքնազ Տիգրանյան, որոնք ևս երեկ ներկա են եղել վարչության նիստին։
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ վարչության նիստից։
Նախ տեղեկացանք, որ այն բավականին երկար է տևել ու թեժ մթնոլորտում է անցել, ՔՊ-ականները երկար ժամանակ համաձայնության չեն եկել թեկնածուների շուրջ։
Վարչության նիստին թեկնածուների մեծ մասը՝ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հերիքնազ Տիգրանյանն ի սկզբանե հանել են իրենց թեկնածությունները և ինչպես նախապես իրենց թիմակիցներին զգուշացրել էին՝ վերջիններս չեն ցանկացել գործադիր տեղափոխվել։
Արդյունքում՝ վարչության նիստին մնացել է միայն Արփի Դավոյանի թեկնածությունը, որի երազանքն է եղել Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը և անգամ արդեն իր թիմակիցներին ծրագիր է ներկայացրել՝ ինչպես է ղեկավարելու նախարարությունը։
Բայց արի ու տես ՔՊ-ում Արփի Դավոյանին կարմիր քարտ են ցույց տվել, և վարչության միայն երկուսն են քվեարկել նրա օգտին՝ Սուրեն Պապիկյանը և Վահագն Ալեքսանյանը։
Հավանաբար, ՔՊ-ականները հասկացել են, որ չարժե միայն կուսակցության անդամ լինելու համար նախարարի կարևո պաշտոնը վստահել Դավոյանին, որն առհասարակ կապ չունի իրավաբանության և արդարդատության հետ։
Ինչպես արդեն հայտնել ենք, Արփի Դավոյանի թեկնածությունն ի սկզբանե նաև Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել, և փաստացի չնայած Դավոյանի և Անդրանիկ Քոչարյանի ջանքերին, ով ակտիվորեն Դավոյանի լոբբինգով էր զբաղվում՝ ՔՊ-ականները մերժել են նրանց։
Մինչև հաջորդ շաբաթ ՔՊ-ն Արդարադատության նախարարի նոր թեկնածուներ պետք է առաջադրի և արդեն վարչության հաջորդ նիստին քվեարկի։